«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ով գլխավորում է «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը, մեղադրանք է առաջադրվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանի օրինական հրամաններին չենթարկվելը): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես ինձ բացարձակապես մեղավոր չեմ ճանաչում եւ մտադիր չեմ վարչական տուգանք վճարել: Ես այդ պահին օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, բացի այդ, Հայաստանը ստորագրել է կոնվենցիան, ըստ որի ես իրավունք ունեմ խաղաղ կերպով արտահայտել իմ բողոքը եւ ոստիկանների կողմից իմ հանդեպ սադիստական վերաբերմունքը համարժեք չէր»,-նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ինքը փաստաբանի միջոցով դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով հանցագործության մասին. «Մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում»:
«Ժառանգության» փոխնախագահը նաեւ նշեց, որ օրվա ընթացքում չի հասցրել այցելել ոստիկանություն, որպեսզի բացատրություն տա մի շարք միջադեպերի, մասնավորապես, ապրիլի 9-ի ցերեկը եւ երեկոյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ ոստիկանների բախումների առնչությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանի, ապա բերման ենթարկել ոստիկանություն: Նրա դեմքն ու հագուստներն արյունոտ էին:




























