Հայաստանի ԱԳ նախկին նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր՝ ապրիլի 10-ին, հանդիպում է ունեցել Նոր Նորքի բնակիչների հետ Նանսենի այգում: Նա իր կուսակիցների ուղեկցությամբ զբոսնել է այգում, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, կոչ արել ծանոթանալ ԲՀԿ-ի ծրագրին եւ առաջիկա ընտրություններում քվեարկել ԲՀԿ-ի օգտին:
Բնակիչները հիմնականում բողոքել են կենցաղային խնդիրներից, աշխատատեղերի բացակայությունից, այգու անբարեկարգ վիճակից: Մի կին ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ մանկական հրապարակում տեղադրված մետաղյա կարուսելները կարող են վտանգ ներկայացնել երեխաների համար:
Օսկանյանն անդրադառնալով մտքին, թե «մեկ է, ոչինչ չի փոխվելու», ներկայացրել է նման հուսահատության պատճառները: Նրա համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին: Այդ որոշումը Օսկանյանը բացատրեց նրանով, որ ԲՀԿ-ի ղեկավարությունը հույս ուներ, որ հնարավոր կլինի ոչ իշխանական ուժերի համախմբված թիմով մասնակցել ընտրություններին, բայց դա չստացվեց: Թեեւ ԲՀԿ-ն կարող էր ընտրությունների գնալ միայնակ, այդուհանդերձ նման քայլի չգնաց: Երկրորդ պատճառը, նրա խոսքով, իշխանության ներսում ՀՀԿ-ի մենաշնորհն է: «Անհապաղ պետք է դադարեցնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը»,-ասաց Օսկանյանն ու հավելեց, որ հենց դրան է ուղղված իրենց մասնակցությունն ու հաղթանակի ձգտումը Երեւանի ավագանու ընտրություններում:




























