Երեւանի ավագանու անդամության թեկնածու, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ ապրիլի 11-ին, նախընտրական հանդիպում է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:
Տարոն Մարգարյանի շտաբից հայտնում են, որ բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ դրանց հիմքում մայրաքաղաքի համաչափ զարգացումն է, ինչը առաջիկա տարիներին եւս լինելու է իր աշխատանքային օրակարգի առաջնահերթությունների շարքում. «Վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու ուղղությամբ մենք լուրջ քայլեր ենք կատարել, ինչը կհաստատեք նաեւ դուք: Կար ժամանակ, երբ ներդրումները հիմնականում իրականացվում էին քաղաքի կենտրոնում, սակայն ինչպես տեսնում եք, վերջին տարիներին ու, հատկապես անցած մեկ տարվա ընթացքում, ինչպես քաղաքային տարբեր ծրագրերով, այնպես էլ մասնավոր ներդրումներով զգալի աշխատանքներ ենք իրականացրել հիմնականում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում: Սիրելի էրեբունցիներ, այսօր հետագա չորս տարիների համար խնդրելով ձեր վստահության քվեն, մեր փորձառու թիմը, ըստ էության, սկսածը ձեզ հետ միասին ավարտին հասցնելու բոլորիս ցանկությունն է ուզում դարձնել իրականություն: Դուք բոլորդ արդեն իսկ համոզվել եք, որ մենք ոչ թե խոստումներով, այլ գործով ենք ապացուցում մեր սերն ու անմնացորդ նվիրումը երեւանցու եւ Երեւանի հանդեպ: Եվ վստահ եմ, որ դուք ձեր իսկ անձնական փորձով արդեն իսկ համոզվել եք, որ հեռու չէ այն օրը, երբ էրեբունցին իր հանգիստը կազմակերպելու համար էլ Կենտրոն վարչական շրջան չի գնա: Էրեբունցին հենց իր վարչական շրջանում կունենա հարմարավետ այգիներ ու պուրակներ, բարեկարգված բակեր ու հանգստի գոտիներ: Եվ ոչ միայն Էրեբունիում, այլ ընդհանրապես մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կունենանք նույն պատկերը: Մենք վստահ ենք, որ ձեզ հետ միասին այս ծրագրերը եւս կյանքի կկոչենք»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքներին, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչման գրավականը եղել ու մնում է բնակիչների հետ մշտապես սերտ համագործակցությունը: Նա նաեւ հատկանշել է, որ ավելի լավ Երեւան ունենալու համար եւս պետք է լսել բնակիչների բարձարացրած հարցերը, ծանոթանալ նրանց հոգսերին ու հետզհետե լուծում տալ դրանց. «Մենք երբեւէ չենք խուսափել բնակչի հետ անմիջական շփվելուց: Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է. մենք պետք է գնանք քաղաքացու հետ հանդիպման ու տեղում ծանոթանանք նրա հոգսերին, դարդ ու ցավին, այլ ոչ թե նամակով կամ այլ եղանակով տեղեկանանք երեւանցուն հուզող խնդիրների մասին: Եվ հենց այդ պարբերական շրջայցերի ու երեւանցիների հետ ունեցած իմ անմիջական շփումների շնորհիվ է, որ բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ հենց քաղաքացիների կողմից առաջարկվող տարբերակներով, լուծում են ստացել: Ավելի լավ Երեւանը յուրաքանչյուրիս համար պետք է սկիզբ առնի մեր բակից, մեր թաղամասից ու վարչական շրջանից: Եվ մայրաքաղաքի համաչափ զարգացումը հռչակելով որպես հիմնանպատակ, մենք մեր ամենօրյա սրտացավ ու նվիրված աշխատանքով, ձեզ հետ միասին, կփորձենք օր առաջ ունենալ մեր բոլորի երազած ավելի լավ Երեւանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպումների ավարտին Երեւանի ավագանու անդամության թեկնածու, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ եւ անմիջական մթնոլորտում շփվել է Էրեբունիի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները եւ վստահեցրել, որ դրանք եւս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն:




























