Անդրբայկալի Սերետենյան տարածաշրջանի Կոկույ բնակավայրում այսօր` ապրիլի 11-ին, 9-ամյա աղջկա մարմին են հայտնաբերել, որի վրա սեռական բռնության հետքեր են եղել: Սպանված դպրոցականի ինքնությունն արդեն բացահայտվել է, հայտնում է «ԱՆ-online»-ը:
Նախօրեին` ժամը 20:00-ին աղջիկը դուրս է եկել զբոսնելու: Մոտ մեկ ժամ հետո նրան տեսել են խաղադաշտում` իր երկու համադասարանցիների հետ, իսկ հետո աղջիկն անհետացել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` մանկապիղծն աղջկա մարմինը թողել է հանցագործության վայրից 15 կիլոմետր հեռու գտնվող տան մոտ:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության պաշտոնական կայքը, ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել եւ ձերբակալել են անչափահաս դպրոցականին բռնաբարելու եւ սպանելու մեջ կասկածվողին: Նա Սերետենյան տարածաշրջանի Կոկույ բնակավայրի 38-ամյա բնակիչ է, ով արդեն խոստովանել է, որ աղջկան ինքն է սպանել: Սակայն ձերբակալվածը հերքել է, որ աղջկան բռնաբարել է:
Հաստատվել է, որ աղջնակն անապահով ընտանիքից է եղել: Նրա մեծ քույրը ողբերգությունից մի քանի ամիս առաջ ձերբակալվել է, իսկ սպանվածի մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել, որն այժմ ուսումնասիրում են դատարանում:



























