Վրաստանի իրավապահ մարմիններն, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի հատուկ ծառայությունների համագործակցությամբ, բացահայտել են մի կնոջ, ով ստիպել է իր դստերը նկարահանվել պոռնոկայքերի համար: Այդ  «սարսափելի փաստի» մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նինո Գիոգոբիանին:

«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի քաղաքացի կինը երկու տարի անընդմեջ իր 11-ամյա դստեր մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ եւ տեսանյութեր է նկարահանել եւ վաճառել Իսրայելի վրացական ծագում ունեցող քաղաքացու, ով իր հերթին որոշակի գումարի դիմաց այդ նյութերը տարածել է տարբեր կայքերում»,- ասել է Գիորգոբիանին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Գիորգոբիանին նշել է, որ Վրաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Իսրայելի իրավապահ մարմինների համատեղ ջանքերով աղջկա 45-ամյա մայրը ձերբակալվել է: Նույն օրը ձերբակալվել է Իսրայելի 50-ամյա քաղաքացին, ով ավելի վաղ փախել էր բանտից:

Ներկա պահին աղջիկը գտնվում է Թրաֆիքինգի զոհերի կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են հոգեբանները: Վրաստանում ձերբակալված մորը սպառնում է 8-12 տարվա ազատազրկում: