«Բարգավաճ Հայաստանը» չպետք է գերագնահատի իր շանսերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի ելույթը Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը:

Նշենք, որ ԲՀԿ համամասնական ընտրացուցակում առաջին տեղը զբաղեցնող Օսկանյանը երեկ` ապրիլի 11-ին հայտարարել էր, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ընտրողների նման բուռն արձագանքին արժանացավ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նախագահական ընտրություններին մասնակցեր ԲՀԿ-ն` ֆինանսական եւ կազմակերպչական առումով ավելի հզոր ուժը: Բախումները կավարտվեին արյունահեղությամբ, հավելել էր Օսկանյանը:

«Ստացվում է, որ մեծ լավությո՞ւն են արել Հայաստանի քաղաքացիներին իրենց չմասնակցելով: Չեմ կարծում, թե «Բարգավաճ Հայաստանը» մեծ շանսեր ուներ ընտրություններում հաղթելու, նույնիսկ եթե մասնակցեր: Չեմ ցանկանում թերագնահատել այդ կուսակցության դերն ու նշանակությունը, բայց յուրաքանչյուր կուսակցություն պետք է պատասխանատվություն ունենա իր կողմնակիցների առջեւ: Եւ խնդիրը միայն ֆինանսական ու կազմակերպչական հարցերում չէ: Պատասխանատվություն այլ կարգի, առավել լուրջ»,- ասել է Զաքարյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն երկար ժամանակ ապացուցել է, որ գիտակցում է այդ պատասխանատվությունը: