Պետերբուրգում հայտնաբերել եւ ձերբակալել են Սեննիի շուկայում զանգվածային ծեծկռտուքի մի քանի ենթադրյալ մասնակիցների, որի հետեւանքով սպանվել էր 33-ամյա մի տղամարդ՝ Կաբարդինո-Բալկարիայից: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի քաղաքային քննչական վարչության պետ Անդրեյ Լավրենկոն:

«Նրանք ձերբակալվել են, ներկայումս խոշորամասշտաբ գործողություն է իրականացվում... դեպքի վայրի զննություն է կատարվում»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Լավրենկոն նշել է, որ ներկայումս բարդ է ասել, թե կոնկրետ ինչից է ծագել զանգվածային ծեծկռտուքը, բայց, քննիչների կարծիքով, դա կապված է մոտակայքում գտնվող շուկայի գործունեության հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, իսկ դեպքի վայր են ժամանել ոստիկանության շուրջ 200 աշխատակիցներ: