Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսաստանցի բուդդիստների գլխավոր տաճարներից մեկը` Իվոլգինի դացանը:

Վանքի կարեւոր մասունքը Պանդիտո Համբո-լամա 17-րդ Դաշի-Դորժ Իտիգելովի չփտող մարմինն է: Մտնելով տաճար` Վլադիմիր Պուտինն առաջին հերթին ուղեւորվել է դիտելու լոտոսի դիրքով նստած բուդդիստին:

Բուդդիզմի ավանդույթի համաձայն, Իտիգելովը 1927թ., 75 տարեկան հասակում զետեղվել է սարկոֆագի մեջ, լոտոսի դիրքով եւ հուղարկավորվել: 10 տարի առաջ վանականները նրա կտակի համաձայն հանել են սարկոֆագն ու տեղափոխել տաճար: Գիտնականներտ չեն կարողանում բացատրել, թե ինչպես է լամայի մարմինը պահպանվել: Նույնիսկ մազերն են աճում, բայց արյան փոխարեն, ըստ վանականների, սպիտակ հեղուկ է հոսում: Լամաներն ասում են, թե շնորհիվ հոգեւոր պրակտիկայի եւ մեդիտացիայի նա կարողացել է պահպանել մարմինը, որ ցուցադրի Բուդդայի ուսմունքի ուժը, գրում է Life News-ը:

ՌԴ նախագահին ուղեկցող վանականներն այցը սիմվոլիկ են համարել: Նախագահը նշել է, թե պետությունն աջակցելու է բուդդիստներին: պուտինը նաեւ թեյ է խմել վանականների հետ, ապա կրկին գնացել լամային տեսնելու:

«Նրան շատ էր հետաքրքրում հավերժ կյանքի գաղտնիքը»,- ասել են վանականները: