Ապրիլի 9-ին Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ ԲՀԿ-ն հատուկ քաղաքական որոշում չի կայացրել, դա մեր կուսակցության համար եղել է Ազգային ժողովի հատուկ, բայց միաժամանակ հերթական նիստը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Մեր կուսակցության պատգամավորները ազատ էին որոշում կայացնելու հարցում՝ գնալ այդ նիստին, թե՝ ոչ: ԲՀԿ-ն այդ հարցում պաշտոնական դիրքորոշում չի ունեցել»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ կար զգալի հասարակական պատվեր, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնա երկրի նախագահ, սակայն հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, կուսակցությունը չի ցանկացել ժողովրդին ներքաշել հերթական խնդիրների մեջ: «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Պետք չի գնալ բախումների, մենք բոլորովին այլ ուղի ենք ընտրել, այլընտրանքի ճանապարհը»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ երկրում գոյություն ունի բարեփոխումների իրականացման լուրջ անհրաժեշտություն եւ ԲՀԿ-ն պատրաստ է լայն քաղաքական համախմբման ու երկրում քաղաքական մենաշնորհի վերացման խթանման:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, Վահան Բաբայանը նշեց, որ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս հստակ ծրագրված քաղաքական օրակարգ չունի: «Չի կարելի թողնել ժողովրդին եւ գնալ Ծիծեռնակաբերդ մոմ վառելու: Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից, ուստի մեր կուսակցությունը փողոց դուրս չի գալիս»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ բարեփոխումներ սկսելու համար կարեւոր փուլ են համարում Երեւանի ավագանու ընտրությունները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am