Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքել է փոխհամագործակցության հուշագիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը կնքվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի Երեւան կայացած այցի ընթացքում՝ ապրիլի 10-ի երեկոյան:

Հուշագիրը նախատեսում է ինտեգրացիոն գործընթացների խորացում Եվրասիական մաքսային միության հետ: Մասնավորապես՝ համագործակցություն պետք է ծավալվի առեւտրային ընթացակարգերի պարզեցման, ստանդարտացման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ ուղղություններով:

Սա Հայաստանի առաջին պաշտոնական համաձայնագիրն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական մաքսային միությանն աննպատակահարմար է: