«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 11-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել բավական ցածր՝ 1դոլար/417 դրամ փոխարժեքով;
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերի մեծ մասում ընկել է մինչեւ 416 դրամ, վաճառքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում 418,5 դրամ է:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր շարունակվել է ամրապնդվել դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1.31 դոլարից բարձր մակարդակում: Իտալիայի կառավարությունն այսօր կարողացել է 4 մլրդ եվրոյի երեքամյա պարտատոմս իրացնել՝ 2.29% եկամտաբերությամբ, ինչը ցածր է նախորդ ամսվա եկամտաբերությունից: Ընդհանուր առմամբ՝ եվրոյի գոտու պարտատոմսերի նկատմամբ աճում է հետաքրքրությունը, ինչը նպաստում է եվրոյի ամրապնդմանը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 30.8814 ռուբլի: 10օրյա ընդմիջումից հետո դոլարի փոխարժեքը կրկին նվազել է 31 ռուբլուց ներքեւ:




























