Այսօր՝ ապրիլի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, հիմնադրամի հետ համագործակցող թեմական-եկեղեցական կառույցների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ժողովն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել  Գեղարքունյաց թեմի առաջնորդ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ժողովականներին ողջունել են նաեւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

ՀԿՍ տարեկան ժողովին ըստ ավանդության ներկայացվում է բանախոսություն որեւէ ոլորտի վերաբերյալ: Այս ժողովին հրավիրված էր բանախոսելու ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով խոսել է «ՀՀ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերները» թեմայի շուրջ:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը պատասխանել է նաեւ ժողովականների հարցերին:

Այնուհետեւ ներկայացվել են Կլոր սեղանի 2012-2013 թթ. ծրագրային եւ ֆինանսական հաշվետվությունները, որից հետո առանձին խմբերով տեղի ունեցան քննարկումներ` 2014-2015 թթ. հիմնադրամի գործունեության գերակա ուղղությունների ու անելիքների վերաբերյալ:

Տարեկան ժողովն ամփոփել են ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: