Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու  նպատակով, այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադեւոսյանն այցելել է վերոնշյալ շենք:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Թադեւոսյանը հանդիպել է շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրել են ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի  հետ կապված խնդիրները:

Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` Թադեւոսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով:

Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի «ՀայՍեյսմՇինի» եզրակացությամբ  շենքի  վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի: