ՀՅԴ-ն պաշտոնապես հրապարակել է իր դիրքորոշումը` Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու առաջարկի վերաբերյալ, եւ այդ առումով ավելացնելու բան չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` պատասխանելով հարցին, թե ինչու իրենց ընդդիմադիր կուսակցությունը չմիացավ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաներին:
«Եթե առանց մեզ հետ խորհրդակցելու, առանց պատրաստության որոշումներ են ընդունվում, որոնց հետեւանքները բարդ է կանխատեսել, բնականաբար ՀՅԴ-ն մտադիր չէ իր վրա վերցնել այդ որոշումների հետեւանքների պատասխանատվությունը»,- նկատել է Համբարձումյանը:
Հարցին, թե կարող է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը այսուհետ իր հետեւից տանել ժողովրդի բողոքական հատվածին, Համբարձումյանը պատասխանեց, թե ամենամեծ սպառնալիքը ժողովրդի հիասթափությունն է. «Ժողովրդի հիասթափությունն ամենամեծ սպառնալիքն է, որի մասին մենք զգուշացնում էինք: Չի կարելի թույլ տալ, որ ժողովրդի մեջ դժգոհության ալիքը մարի, եւ մարդիկ հերթական հիասթափությունն ապրեն: Դա կնշանակի, որ մեր երկրում շարունակվում է լճացումը»:
Մեկնաբանելով շրջանառվող կարծիքը, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս բնակչության բողոքական հատվածի առաջնորդը չէ, եւ հարկավոր է ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբում, Համբարձումյանը նկատել է, թե չի ցանկանում կանխակալ կարծիք հայտնել. «Ժամանակը ցույց կտա: Սակայն ակնհայտ է մեկ բան, որ Հովհաննիսյանի ստացած ձայները բողոքական ընտրզանգվածի ձայներն են: Բնականաբար, չի կարելի այդ բոլոր ձայները վերագրել Հովհաննիսյանին: Տվյալ դեպքում նա, ով կկարողանա ճիշտ հետագա քայլեր ներկայացնել եւ ընդունելի ճանապարհ առաջարկել` ժողովրդին համոզելով հետագա գործողությունների իրատեսության մեջ, նա էլ կկարողանա իր ետեւից տանել զանգվածներին»:




























