Երբեմնի մեծ համբավ ունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը կարծես թե ձեռքից ձեռք է անցնում։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«ԿԱ պետգույի կառավարման վարչության առաջարկությամբ կառավարությունը պատրաստվում է փոխելու «Դվին» հյուրանոցի վաճառքի վերաբերյալ ինը տարվա վաղեմության պայմանագիրը։
Եվ այսպես, որպեսզի սեփականատերը վերջապես կատարի իր ներդրումային պարտավորությունը, գործադիրը պատրաստվում է հին պայմանագրի մեջ նոր ձեւափոխումներ կատարելու՝ ի շահ «Դվինի», մասնավորապես ՝ որոշակի պարտավորություններ է արձանագրում. «Սահմանված ժամկետում գնորդի կողմից պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամանակահատվածում պետբյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների 6 տոկոսի չափով»։
Նոր ծրագրի համաձայն՝ նախատեսվել է մինչեւ 2016թ. ամբողջությամբ վերակառուցել եւ արդիականացնել հյուրանոցային համալիրը՝ ներդնելով 13,6 մլն դոլար։ Այլ կերպ ասած, գործադիրը ջանք չի խնայում «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար, ինչն իսկապես խրարուսելի քայլ է...
Սակայն ինչպե՞ս է կառավարությանը հաջողվել համոզել սեփականատիրոջը, որ իր գլխի վերեւում սուր ճոճեն։
Կարծում ենք, սա այն դեպքերից է, երբ նախաձեռնությունը բխում է սեփականատիրոջից։ Այսինքն չի բացառվում, որ «Սի-Սի-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն իր բաժնետոմսերը, իր իսկ նախաձեռնությամբ, որոշել է վաճառել մեկ այլ ընկերության, ինչի իրավունքը սեփականատերն ունի։ Ինչեւէ։
Այս պահին, կարծում ենք, խնդիրը մեկն է, որ վերջապես «Դվին» հյուրանոցային համալիրը շահագործվի, քանի որ դրա վերանորոգման եւ արդիականացման գործընթացն առաջին հերթին ենթադրում է ներդրումների ներհոսք, ինչը շատ անհրաժեշտ է մեր այսօրվա տնտեսության համար։ Երկրորդ, հյուրանոցի շահագործումը կբացի նոր աշխատատտեղեր, ինչը ինչ-որ չափով կնպաստի գործազրկության նվազեցմանը»,- գրում է «Իրատես de facto»-ն։




























