Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն «Ժամանակի» հետ զրույցում, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Ռուսաստան, կարծիք հայտնեց, որ այն միանգամայն տրամաբանական է, քանի որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանդեպ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Նման պրակտիկա արդեն կա՝ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի ժամանակներից։ Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանի պետական մարմիններին հետաքրքրում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ հատկապես այն, ինչ կատարվում է փողոցում։ Այս պահին ավելին ասել չեմ կարող»:
Իսկ ահա «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանը «Ժամանակին» ասաց, որ թեեւ Յուրի Նավոյանն իր ընկերն է, սակայն, իր կարծիքով, նրա մոտ ուղղակի ինֆորմացիայի պակաս կա, եւ այս երկու այցերը համեմատելը նույնիսկ ծիծեղալի է. «Այն ժամանակ ես ներկա եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներին, եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորողների եւ հրաժեշտ տվողների շարքում՝ օդանավակայանում: Իհարկե, ես հասկանում եմ Նավոյան Յուրայի միտքը, բայց 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը փակ շղարշով էր, որովհետեւ ռուսական իշխանությունների ցանկությունն էր դա՝ եթե դու գալիս ես խոսես կամ հանդիպես իշխանությունների ներկայացուցիչների հետ, դու, բնական է, ընդունում ես նրանց կազմակերպչական ձեւերը, որը որ, ենթադրենք, ընդունող կողմն է քեզ թելադրում: Ես միայն կարող եմ ասել, որ այն ժամանակ շատ արդյունավետ եւ բովանդակալի հանդիպումներ տեղի ունեցան: Մեկ օրվա ընթացքում այնքան մարդու հետ խոսեց, այնքան բան քննարկվեց… Ես պարզապես չեմ ուզում պայմանավորվածությունները խախտել եւ անուններ ասել, բայց երբ 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս էր Մոսկվա, նա գալիս էր որպես ռեալ ժողովուրդ ներկայացնող մարդ, համենայնդեպս՝ մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան հանդիպումներից այդպիսի տպավորություն ստացանք: Ուղղակի պայմանավորվածությունն այն էր, որ թերթերում որոշ բաներ տպվեն միայն՝ այդքան մանրամասն չլուսաբանվեց:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարեր այն ամենն, ինչ իրեն ասացին, երեւի այդ ամենն այդպես չէր լինի, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր իր հստակ ծրագրային հիմնադրույթներով եւ շատ բաների հետ չհամաձայնեց: Ու եթե ինչ-որ հարցերում համաձայնության չեկան, ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ մնաց ինչ-որ հարգանքի տեղ։ Մարդիկ հասկանում եւ տեսնում էին, որ մարդն ինչը որ հա է՝ ասում է հա, ինչը որ չէ՝ ասում է չէ։ Մարդը չի գալիս իրեն PR անելու, չի գալիս ասելու ինձ օգնեք՝ ես գամ իշխանության գլուխ եւ փոխարենը ինչ ուզեք՝ կանեմ: Ես չեմ ուզում Ռուսաստանի իշխանություններին գովել, բայց նրանց համար առավել ընդունելի է այն քաղաքական գործիչն, ով իր հստակ ծրագրային դրույթներն ունի»,- ասաց նա:
Կարախանյանը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Մոսկվա՝ Հայաստանի իշխանությունների անմիջական միջնորդությամբ, Հայաստանի իշխանությունների պատվերով, հետեւաբար Մոսկվան էլ դրան լուրջ վերաբերվել չի կարող. «Եթե Րաֆֆին գալիս է ասի, որ ինքը ներկայացնում է հրապարակը եւ այլն, եւ այլն, ապա նախ դա բացարձակապես այդպես չէ, դա տեսնում են նաեւ այստեղից եւ երկրորդ նման ծրագրերով Մոսկվա չեն գալիս:
Այսօրվա դրությամբ՝ եթե ինչ-որ մարդիկ էլ գան-խոսեն նրա հետ, իսկ դրանք կլինեն Ռուսաստանի իշխանությունների 17-18-րդ շերտի մարդիկ, գալու են խոսելու զուտ Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ։ Վերջացած է: Բացառում եմ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կամ նույնիսկ նրա ներկայացուցչի հետ հանդիպումը»:
Սմբատ Կարախանյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաեւ Ռուսաստանի մասնատված ընդդիմության առանձին ներկայացուցիչների հետ, եւ հավանաբար այդ հանդիպումները եւս կլինեն. «Ուղղակի տեսակետ է պտտվում, թե նա արեւմտամետ քաղաքական գործիչ է, իսկ իշխանությունն էլ նրանից լուրջ ընդդիմություն է սարքում, այդ պատճառով էլ գալիս է Ռուսաստան, որ ցույց տա, թե երկու կողմի հետ էլ խաղում է: Ինչ-որ ծրագրեր հավանաբար կլինեն, ինչ-որ համագործակցություն` նույնպես, բայց ոչ` շատ լուրջ, իսկ Հայաստանի իշխանություններին ուղղակի պետք է, որ Ռուսաստանն իրենց չխանգարի՝ Րաֆֆիին երկկողմանի ընդդիմդիր գործիչ դարձնելու գործում»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ շատ հեղհեղուկ վիճակ է, եւ սկզբունքորեն անհամատեղելի է Ռուսաստանի հետ լուրջ համագործակցության եզր փնտրելը»,- գրում է «Ժամանակը»։




























