Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) Արցախի Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Արցախի դպրոցներում կազմակերպում է աստղագիտական դասախոսությունների շարք:

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատողները դասախոսությունների ընթացքում կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների եւ զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ԲԱ եւ հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի եւ մյուս նշանավոր հայ աստղագետների մասին: Դասախոսների թվում են Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը եւ ԲԱ երիտասարդ գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Աշակերտներին կբաժանվեն նաեւ աստղագիտական հանրամատչելի նյութեր:

Այս հանդիպումների նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը եւ դպրոցներում օժտված եւ աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտների հայտնաբերումը՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու եւ նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Դասախոսությունները կանցկացվեն ապրիլի 15-16-ին Արցախի 12 դպրոցներում, ինչպես նաեւ տեղի կունենան հանդիպումներ Արցախի Կրթության եւ գիտության նախարարությունում եւ Արցախի պետական համալսարանում:

Ծրագիրն անցկացվում է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ:

2012թ. նոյեմբերին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ նման ծրագիր է իրականացվել Հայաստանի դպրոցներում, որի ընթացքում աստղագետներն եղան ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր վարչական տարածքներում, ինչպես նաեւ մի քանի մասնագիտացված դպրոցներում: Ընդհանուր առմամբ անցկացվեց 30 դասախոսություն: