Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, նախորդ ժամանակաշրջանների նախագահական ընտրությունների համատեքստում տեղավորվող միջադեպ է, որին հայ հասարակությունը ծանոթ էր եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ կարող է բախում լինել հասաակության եւ ոստիկանների միջեւ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ժողովրդի իշխանություն» հասարակական, քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը:
Նա նշեց, որ այդտեղ հավաքված էր այն հասարակությունը, որի ձայները կեղծվել են եւ որը իրավատեր է ու պայքարում է իր ձայնի, իր իրավունքների համար:
«Չկա սահման՝ ով է ընդդիմադիրը, ով է քաղաքացին, բոլորը դարձել են ընդդիմադիր եւ հասարակ քաղաքացի, տեղի ունեցավ այն, ինչին բոլորս սպասում էինք, արգելեցին մտնել Բաղրամյան, ծեծեցին ժողովրդին, որի իրավունք չունեին»,- ասաց նա:
ՀԱԿ անդամն, անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցած «երդմնակալությանը», նշեց, որ ժողովուրդը կարիք չուներ երդվել, որ օրինապաշտ քաղաքացի է: Նա եւս հրապարակում էր, բայց երդվելուց հետո չի, որ դարձել է օրինապաշտ քաղաքացի, նա օրինապաշտ է ծնված օրվանից:
Նա նշեց, որ իրենք հեղափոխության կողմնակից չեն, բայց ժողովրդին պետք էր առաջնորդել Բաղրամյան պողոտա, որովհետեւ ամեն կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը ցանկանում է գնալ եւ կանգնել նախագահական նստավայրի առաջ եւ ասել՝ հեռացիր:
Զոյա Թադեւոսյանը նշեց, որ ժողովուրդը ցանկանում էր գնար կեղծված ընտրություններով ինքնակոչ նախագահին ասել հեռացիր, ցույց տար, որ չի ընդունում նրան: Նա շեշտեց, որ քանի դեռ ոստիկանությունը եւ իշխանությոները պաշտպանում են իրենց ձայները, մեր երկրում որեւէ դրական փոփոխություն չի կարող լինել:
Զոյա Թադեւոսյանի գնահատմամբ՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը այս 2,5 ամիսների ընթացքում որեւէ կապ չհաստատեց ժողովրդի հետ, նա իր օրակարգը չի ներկայացրել ժողովրդին, գործել է ինքնուրյուն, միայնակ, պահի թելադրանքով, այդպես էլ վարվեց ապրիլի 9-ին»: Նա նշեց, որ հեռավոր քաղաքներից, գյուղերից քայլերթով հրապարակ եկած մարդիկ ուզում էին իրական փոփոխություններ, քաղաքական բնույթի վերաբերմունք, նրանք չէին եկել լսելու կրոնական, բարոյախրատական ելույթ:
Զոյա Թադեւոսյանն ասաց, որ ՀԱԿ-ի քննադատությունը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված է այն պատճառով, որ վերջինս թողեց ժողովրդին ոստիկանների հետ եւ գնաց ոստիկանապետի հետ մոմավառության, մինչդեռ պետք է այդտեղ մնար, տեր կանգներ ժողովրդին եւ ժողովրդին հեռացներ այդտեղից, որ բախում չլիներ:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա այցին, Զոյա Թադեւոսյանն ասաց, որ նախագահի նախկին թեկնածուն սկզբից հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը պիտի գա հրապարակ եւ ներողություն խնդրի, բայց չեկավ, ինքը գնաց, հետո հայտարարեց, որ Պուտինը պետք է գա եւ ներողություն խնդրի, սակայն չեկավ, ինքը գնաց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























