Մոսկվայում 300 մլն ռուլբի խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 51-ամյա Վսեվոլոդ Գլուխովցեւը` օտարերկրյա խոշոր բանկերից մեկի փոխնախագահը: Այդ մասին RBC-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, սակայն բանկի անունը չեն հայտնել:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հստակեցնում է, որ Գլուխովցեւը նախ նշվում էր որպես փոխնախագահ, ապա Շոտլանդիայի թագավորական բանկի` Royal Bank of Scotland –ի դուստր ձեռնարկության անվտանգության ծառայության պետ:

Քննության տվյալներով, Գլուխովցեւը յուրացրել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գումարները, որոնք վճարվել են որպես ներդրումներ Չեռնոգորիայում շինարարության համար:

Պարզվել է, որ Գլուխովցեւը մեքենայություններն իրականացրել է 2006թ. ամռանից: Նա ներկայանում էր որպես ազդեցիկ բանկիր եւ խոշոր ֆինանսիստ, Չեռնոգորիայում կազինոյի համասեփականատեր, Ադրիատիկ ծովում հյուրանոցային բիզնեսի սեփականատեր, անգամ գրող: Երբ գումարները փոխանցվել են նրա վերահսկողության տակ գտնվող հաշիվներ, անմիջապես յուրացվել են, իսկ հաճախորդներին կեղծ հաշվետվություններ են ներկայացվել:

Առայժմ հաստատվել է 300 մլն ռուբլու յուրացումը, սակայն դատարանը կարծում է, որ դա ամբողջը չէ:

Գլուխովցեւի տան խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ զենք է առգրավվել: