Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ անելու է, որ ընտրություները չկեղծվեն, լինելու են արդար ընտրություններ եւ մենք վերցնելու ենք մեր մանդատները: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ժողովրդի իշխանություն» հասարակական, քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը:
«Հինգ տարի առաջ չունեինք վստահելի եւ բանիմաց հանձնաժողովականներ, այսօր ունենք այդպիսի հազարից ավել կոնգրեսականներ, ովքեր բանիմաց են, անկաշառ են, կարող են տեղամասերում ձայներ պահել: Ընտրություններ չկեղծելը միայն ՀԱԿ-ի պաշտպանության խնդիրը չէ, բոլոր քաղաքական ուժերն են պարտավոր դա անել»,- ասաց նա:
Զոյա Թադեւոսյանի խոսքով՝ եթե ընտրությունները չկեղծվեն, յուրաքանչյուրը կստանա իր արժանի ձայնը, եւ ինքը ցանկանում է, որ բոլոր քաղաքական ուժերը տեսնեն՝ ինչ վարկանիշ ունեն ժողովրդի մոտ:
Զոյա Թադեւոսյանը նշեց, որ հարգանքով է վերաբերում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ցուցակներին, բացի ՀՀԿ-ի ցուցակից: Նա կարծում է, որ ՀՀԿ-ինը կոռուպցիոն ցուցակ է:
Խոսելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին՝ նա նշեց, որ վերջինս հսկայական կալվածքների տեր է դարձել, մինչեւ 130 հազար դրամ աշխատավարձով այդպիսի կարողություն դիզելն անհնար է: Նա նաեւ հիշեց շների դեմ քաղաքապետարանի պայքարը եւ ասաց, թե կես միլիոն դոլար ինչի վրա են ծախսել, ատոմային ռումբո՞վ են ոչնչացրել շներին, թե Հայաստանում ավելի շատ շուն կա, քան՝ մարդ:
Հարցին, թե ՕԵԿ-ի ցուցակին ինչպե՞ս եք վերաբերում, նա պատասխանեց՝ «Ինչի այդպիսի կուսակցություն էլ կա՞, դա կույր աղիք է»: Զոյա Թադեւոսյանը հարգանքով է վերաբերում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ցուցակներին: «Ինձ համար «Բարեւ, երեւան» դաշինքը միշտ եղել է «Ցտեսություն Երեւան» դաշինք: Ես «ժառանգության» անդամ եմ եղել, դրա համար գիտեմ, թե այդ կուսակցությունում հարցերը ոնց են լուծվում»,- ասաց ՀԱԿ անդամը:
Զոյա Թադեւոսյանը դրական է վերաբերում նաեւ «Առաքելություն» կուսակցությանը, «երիտասարդներ են, ազնիվ են, քաղաքական ճանապարհ են անցել»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























