Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի վրա ձու են նետել։ Հետաքրքիր է, որ դեպքը տեղի է ունեցել գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին քարոզարշավի ժամանակ։
Շրջանի ղեկավար Ալի Ալիեւը գնացել է Բեյուք Բեհմենլի գյուղի բնակիչների հետ հանդիպման։ Ա. Ալիեւը, պատմելով երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի մասին, բնակիչներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում ձայնը պետք է տալ իշխանության կուսակցության ներկայացուցչին։ Դրանից հետո նա հաղորդել է, որ սոցիալական խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն։ Ի պատասխան՝ գյուղի բնակիչները շրջանի ղեկավարին մեղադրել են ստելու մեջ, քանի որ նա նախորդ հանդիպումների ժամանակ նման խոստումներ էր տվել, սակայն դրական փոփոխություններ այդպես էլ չէին եղել։
Այդ պատճառով գյուղի բնակիչները՝ շրջանի ղեկավարի գործունեությունից իրենց դժգոհությունն արտահայտելով՝ հայտարարել են, որ նախագահական ընտրություններին չեն մասնակցի։ Դրանից հետո իրավիճակը գյուղում շիկացել է, եւ բնակիչները, պաշտոնյաների վրա ձվեր նետելով, վռնդել են գյուղից։ Շրջանի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք ստիպված են եղել արագ հեռանալ։




























