Րաֆֆի Հովհաննիսյանն ուժեղ, ամուր եւ իմաստուն մարդ է, ու դա հստակ դրսեւորվեց ապրիլի 9-ին, երբ աննախադեպ բողոքի ակցիաներ եղան: Այդ մասին ապրիլի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Մեզ հաջողվել է իրականացնել նախանշվածը, եւ բոլոր քննադատողները, որ դժգոհություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, թող ներկայացնեն իրենց տարբերակները: Ապրիլի 9-ին մենք «Նոր Հայաստան» հռչակեցինք: Անհնար է հասնել նպատակին մեկ ժամում կամ մեկ օրում»,- ասել է Փոստանջյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքագետների եւ ընդդիմադիր որոշ ուժերի կարծիքը, որ Հովհաննիսյանն այլեւս չի հանդիսանում ընդդիմության առաջնորդը եւ պայքարը շարունակելու համար հարկավոր է համախմբել ուժերը, պատգամավորը պատասխանել է, թե ուշադրություն չի դարձնում այդ կարծիքներին: «Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ չէ եւ պայքարը շարունակում է ժողովրդի հետ, որն իր կողքին է: Մինչեւ փետրվարի 18-ը եւ նախագահական ընտրություններից հետո Հովհաննիսյանն արել է հնարավոր ամեն բան՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման համար, սակայն համախմբման հասնել չհաջողվեց»,- ասել է նա: Փոստանջյանը նաեւ հրաժարվել է որեւէ տեղեկություն տրամադրել Րաֆֆի Հովհաննիսյանի` Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:




























