Այն սպասելիքները, որ ակնկալում էր ժողովուրդը հետընտրական հանրահավաքային գործընթացների արդյունքում, ի չիք դարձան եւ չարդարացան: Այս մասին այսօր՝  ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ (ընդդիմադիր) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ շեշտելով, որ ցավում է դրա համար:

Նա նշեց, որ ՍԴՀԿ-ի, ի սկզբանե արված գնահատականները, ցավոք, ճիշտ դուրս եկան, եւ եթե կային քաղաքական ուժեր, որոնք մտորում էին մասնակցել կամ չմասնակցել, ապա իրենք ի սկզբանե գիտեին, թե որն է  լինելու ավարտը: «Եթե չկա ծրագիր, չկան քայլեր, ոչ մի քաղաքական ուժ չէր կարող գնալ, իսկ մենք լրջագույն ուժ ենք, որ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, չէր գնա եւ կանգնի»,- ասաց նա՝ շեշտելով, որ այժմ պետք է աշխատել, որպեսզի կարողանան արտահերթ ընտրությունների հույսը պահպանել:

Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝  Ազատության հրապարակում ծավալվածը հախուռն ժողովրդի դժգոհության դրսեւորում է, ոչ թե՝ շարժում, շարժում  դառնալու համար շատ ավելի լուրջ քայլեր պետք է արվեին: Նա նշեց, որ ավելի ազնիվ էր սկզբից ներկայացնել իրավիճակը, տալ գնահատականներ, քան լռել եւ փորձել հաճոյանալ Րաֆֆի Հովհաննիսյանին:  «Մենք իր թշնամին չենք, բարեկամն ենք, բայց մենք հույսեր չէինք կապում իր հետ՝ որպես առաջնորդի, որը կարող է  հաղթական հանգրվանի հասցնել եւ շարժմանը հաղթական տեսք տալ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Իսկ սկզբից Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ղեկավարում շարժումը, քայլերի հաջորդականություն չունի, մշակված ծրագիր չունի. «Երբ դու ժողովրդին հրավիրում ես հանրահավաքի եւ առաջնորդ ես քեզ հայտարարում, պատասխաատվության չափաբաժինը պետք է շատ լավ գիտակցել: Ավելի ազնիվ կլիներ, եթե չունեիր ծրագիր եւ մշակված քայլերի հաջորդականություն, Սահմանադրական դատարանի վճռից հետո կայացնել իր որոշումը եւ հայտարարել, որ հետընտրական շարժման էջը փակված է: Դա ավելի ճիշտ է, քան հերթական անգամ ժողովրդին հիասթափեցնելը»,- նշեց նա:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝  ամենալուրջ առաջնորդը, որը կա Հայաստանում, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով կարողանում  է հարթակից ղեկավարել ժողովրդին, մեղմել ժողովրդի ցասումը  «հինգ տարվա ընթացքում ՀԱԿ-ն այնքան հանրահավաքներ անցկացրեց, ինչքան ոչ մի քաղաքական ուժ վերջին 20 տարիներին»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am