Իշխանությունների հետ բանակցությունների փուլն ավարտված է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում Սերժ Սարգսյանին որպես իշխանության ներկայացուցիչ, որպես պաշտոնյա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանն իր երդմնակալության օրը իր թաղումն է իրականացրել, ոչ ֆիզիկապես, այլ քաղաքական առումով: Սերժ Սարգսյանը որպես պաշտոնյա գոյություն չունի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է շահել «Նոր Հայաստանի» ժողովուրդը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունից, Փոստանջյանը պատասխանեց, որ գլխավոր ձեռքբերումն այն էր, որ Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը՝ Վրադիմիր Գասպարյանը, չի նշել նրա կեղծ երդմնակալությունը, այլ ոստիկանության 8 հազար աշխատակիցների հետ նշել է «Նոր Հայաստանի» ստեղծումը: «Մեր առջեւ խնդիր էր դրված թույլ չտալ բախումներ ոստիկանների եւ ընդդիմադիրների միջեւ ու թեեւ որոշ ոստիկաններ իրենց հակաօրինական գործողություններ թույլ տվեցին, այդ թվում մեր կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, մենք մեր նպատակին հասանք»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանքները, թե նա է մեղավոր տեղի ունեցածի համար, անհիմն են: