Եգիպտոսում զինվորականների իշխանության ժամանակ բժիշկներին հրահանգվել է ցույցերի ժամանակ վիրավորված ընդդիմադիրներին վիրահատել առանց անզգայացման: Իսկ բուժհաստատությունների աշխատակիցները հաճախ հարձակումներ են գործել հիվանդների վրա: Այդ մասին ասվում է 2011թ. հեղափոխության ժամանակ զինվորականների եւ ոստիկանների կողմից կատարված ապօրինությունների մասին զեկույցում, որը կազմվել է նախագահ Մուհամեդ Մուրսիի հրամանով:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, զեկույցում պատմվում է Կահիրեի Կոբրի-էլ-Կոբբա զինվորական հիվանդանոցի բուժանձնակազմի վարքի մասին: Ըստ փաստաթղթի, գլխավոր բժիշկը հրամայել է ցուցարարներին վիրահատել առանց անզգայացման եւ ախտահանող նյութերի: Սպաներից մեկն էլ հրամայել է ընդդիմադիրներին փակել հիվանդանոցի նկուղում:
Զեկույցի հեղինակները Եգիպտոսի նախագահին խորհուրդ են տալիս հետաքննություն սկսել երկրի զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարների դեմ` պարզելու, արդյոք նրանք պետք է պատասխանատվություն կրեն հեղափոխության ժամանակ կատարած հանցագործությունների համար:
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ ապստամբության 18 օրերի ընթացքում ավելի քան հազար մարդ անհետ կորել են:




























