Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես բոնապարտիզմի ճանապարհով պետական հեղաշրջում իրականացնող իր 4 նախորդները` Մանուկյան Վազգենը, հալեպցի Լեւոնը, հայր եւ որդի Դեմիրճյանները, պատմություն դարձավ: Այս մասին, այսօր` ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսում կարծիա հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հավելելով. «Այնպես որ, պետք չէ հույսեր փայփայել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա մեր Գարիբալդին»:
Նրա խոսքով՝ Մոսկվայում Րաֆֆի Հովհաննիսյանին չէին սպասում եւ կարծում է, որ Ռուսաստանը նրա հետ գործ ունենալ չի կարող, քանի որ հետաքրքրության ոլորտները չեն համընկնում:
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին տեղի ունեցած «Նոր Հայաստանի երդմնակալությանը» մարքսիստն ասաց. «Դա կոմեդիա էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը՝ տրագիկոմեդիա»:
«Րաֆֆիի առաջին եւ կարդինալ սխալը նույնն էր, ինչ՝ հալեպցի Լեւոնինը: Փետրվարի 19-ի առավոտյան պետք է «շտուռմով» վերցնեին ԿԸՀ-ի շենքը: Ոչ մի իշխանություն սկուտեղի վրա չի տրվել: Այնպես որ, այսօր խոսքը կորցրել է իր բարոյական եւ հասարակագիտական արժեքը: Նման պարագայում ծոմապահությամբ եւ բարոյագիտությամբ խնդիր չեն լուծում: Րաֆֆին իր մոմավառությամբ հետեւեց Տիգրան Կարապետիչին»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մոմավառության օրը հերոսը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր, այլ՝ Վլադիմիր Գասպարյանը: «Հոլիվուդն անգամ կերազեր նման արտիստ ունենար: Նման սցենար ինչպիսին Գասպարյան Վովաինն էր... վելիկի արտիստ, վելիկի ակտյոր, մալադեց: Ինչպես կասեր Եկատիրինա Մատուշկան. «Զվյոզչդկու Ալեքսանդրու Վասիլեւիչու»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Ի դեպ, ոչ ոք իրեն չի առաջարկել համալրել իրենց ավագանու ցուցակի շարքերը, սակայն ինքն ընտրությունների քվեարկությանը մասնակցելու է եւ կարծում է, որ ով չի մասնակցելու, պետք է վարչական տույժի ենթարկվի: Մարքսիստը չասաց, թե ում է իր ձայնը տալու, քանի որ դեռ մտածելու ժամանակ ունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























