Ի՞նչ նպատակ էր հետապնդում Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ դեռեւս նախընտրական շրջանում  թիրախ էր ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀԱԿ-ին, եւ գովերգում էր Սերժ Սարգսյանին: Այս մասին, այսօր՝  ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ (ընդդիմադիր) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ շեշտելով, որ ցավում է դրա համար:

Նա նշեց, որ իրենք անհանդուրժող չեն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, բայց արձանագրում են, որ նա իր նախընտրական քարոզչությունը կառուցել է՝  թիրախ ընտրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, մինչդեռ թիրախը պետք է լիներ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ ամենեւին էլ խանդի խնդիր չկա, ՀԱԿ-ը միայն ուրախ  կլինի, եթե  ժողովուրդը կարողանա իր հաղթանակն արձանագրել եւ դա լինի ոչ թե իրենց, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի օրոք:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ ապրիլի 9-ի եւ մարտի 1-ի միջեւ տարբերությունը սարսափելի մեծ է: Նա շեշտեց, որ թեեւ իրենք ոչ մի հակաօրինական քայլ չէին անում, բայց իշխանությունն, իրոք, վտանգված էր, սպասում էին ՍԴ-ի վճռին, իսկ ՍԴ-ն, հնարավոր է, որ դրական որոշում կայացներ:  «Այս անգամ միայն մենք չէ, որ կանխատեսում էինք այս ավարտը, իշխանություններն էլ, ճանաչելով Րաֆֆի Հովհաննիսյանի մեղմ հոգեկերտվածքը եւ ռոմանտիկ խառնվածքը, հասկանում էին, որ նա վտանգը չի ներկայացնում, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը»,- ասաց պատգամավորը

Անդրադառնալով այսօր կայանալիք հանրահավաքին՝ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինի: Նա հույս է փայփայում, որ «Ժառանգության» առաջնորդը կհասկանա, որ այն վստահությունը, որ փորձում էր վաստակել եւ ժողովուրդն էլ ակնկալում էր, որ Րաֆֆին պայքարը ավելի է լրջացնելու, այդ ակնկալիքներն այսօր ժողովուրդը չունի:  Պատգամավորը կանխատեսեց, որ հանրահավաքին ժողովրդի մասնակցությունը շատ պասիվ է լինելու, իսկ ինքը չի ցանկանա Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել մի հարթակում, որտեղ մարդկանց քանակը քիչ է  լինելու եւ փաստելու է մարդկանց հիասթափության մասին. «Եթե նա այսօր դեռ Մոսկվայում է, պատճառ ունի հանրահավաքին չներկայանալու»,- ասաց նա:

Ի դեպ, հանրահավաքի չկայացման մասին կանխատեսումից հետո «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը  նրան անվանել էր «սուտասան», ինչին ի պատասխան Լյուդմիլա  Սարգսյանն ասաց, որ վաղաժամ է իրեն սուտասան անվանելը, բայց ինքը Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ներողամիտ է, քանի որ հասկանում է նրա ծանր հոգեվիճակը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am