Եթե Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքի, կարող են կոալիցիա կազմել եւ ընտրել քաղաքապետ, այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ (ընդդիմադիր) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ ընդդիմությունը երբեւէ վստահություն չի կարող ունենալ, որ որեւէ համապետական ընտրւթյուններում կարող է գրանցել իր հաղթանակը, որովհետեւ գիտեն բոլոր կիրառված մեխանիզմները: Բայց պատգամավորը նաեւ շեշտեց, որ Երեւանում ժողովուրդն ավելի քաղաքականացված ու տեղեկացված է, վախի մթնոլորտն այստեղ թույլ է, հետեւաբար ժողովուրդն ազատ ընտրելու հնարավորություն կունենա: Նա չի բացառում, որ ճնշման մեխանիզմներ կկիրառվեն, բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ այս ընտրություններում մեծամասնական ընտրակարգը չկա, իսկ հայտնի է, որ մեծամասնականով առաջադրվածները սովորաբար ապահովելով սեփական ձայները, նաեւ իշխանության համամասնական ցուցակի ձայներն են ապահովում:
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ նշեց, որ Երեւանը Հայաստանի 1/3-րդն է, իսկ այստեղ շատ ավելի հեշտ է լինելու հսկողություն սահմանելը: «Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ կարող ենք լավ արդյունք արձանագրել: Եթե ավելի շատ ձայներ հավաքի ընդդիմությունը, կարող են կոալիցիա կազմել եւ ընտրել քաղաքապետ, այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել»,- ասաց Լյուդմիլ Սարգսյանը:
Նա հավելեց, որ եթե համախմբման մի քանի փորձեր ձախողվում են, չի նշանակում, որ հետագայում դա չի հաջողվելու: «Եթե պայքարի մեջ համախմբում չկա, լայն կոնսոլիդացիա չկա, ընդդիմությունը հակված է պարտվելու: Ամեն դեպքում պիտի գա այն ժամանակը, որ ընդդիմությունը մի կողմ թողնի անձնական ամբիցիաները եւ գիտակցի, որ ռեալ հնարավորություն ունեն համագործակցելու եւ Երեւանին ռեալ քաղաքապետ նվիրելու»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե առաջին հերթին ինչ է փոխելու ՀԱԿ-ը Երեւանում, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ նախեւառաջ պետք է մթնոլորտը փոխել, «մենք հակակշիռ ենք դառնալու գործող իշխանություններին եւ դրա արդյունքում բարեփոխելու ենք Երեւանի տեսքը»: Նա նշեց, որ պետք է փորձել փոխել Երեւանի կենտրոնում նորաստեղծ այլանդակված շենքերի պատկերը, զբաղվել այն քաղաքացիներով, որոնք կորցրել են իրենց բնակարանները, աշխատատեղեր ստեղծել, համայնքներին մեծ լիազորություններ տալ: Նա կցանկանար, որ մայրաքաղաքից վերանար անճաշակությունը, կանաչ տարածքները պահպանվեին, արգելված վայրերում սրճարաններ չլինեին, թափառաշրջիկներ եւ անօթեւաններ չլինեին:




























