Ապրիլի 9-ին Հայաստանում միայն նախագահի մեկ երդմնակալություն է եղել, դա եղել է Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, որին ՀՅԴ-ն չի մասնակցել: Այդ մասին ապրիլին 12-ին` խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այն, ինչ ապրիլի 9-ին տեղի ունեցավ Ազատության հրապարակում, նախագահի երդմնակալություն չէր: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի համատեղ երդումն էր: Ցավոք, այդ օրվա սցենարը տապալվեց, ինչպես եւ կանխատեսում էինք, ինչը կարող է հանգեցնել ժողովրդի հիասթափության եւ բողոքական զանգվածի ջլատման»,- ասել է Ռուստամյանը:

Նրա խոսքով, իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու սցենարով. արագ եղանակով, որը կհանգեցնի արյունահեղության, եւ դանդաղ: Սակայն երկրորդ եղանակը չի բերում ցանկալի արդյունքի: «Երկուսն էլ մեզ համար անընդունելի են, մենք ընդդիմադիր փուլային շարժման կողմնակիցն ենք: Մենք առաջարկում էինք երկու հնարավորություն, իշխանությանը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ հարկադրել խորհրդարանական ընտրությունների մասով, ձեւավորելով ընդդիմություն-իշխանություն միացյալ համակարգ, միավորվել Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին, սակայն դա անել չհաջողվեց»:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթերի եւ հանրահավաքի մասին` Ռուստամյանը նկատեց, թե այդ օրը բողոքական զանգվածը բաժանվեց երեք մեծ խմբի, նրանք, ովքեր ուզում էին գնալ նախագահական, նրանք, ովքեր անխոս հետեւում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ նրանք,ո վքեր չգիտեին` ինչ անել»:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am