Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող կարծիքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները տեղյակ չէին նրա` Ռուսաստան այցելության մասին, քիչ առնչություն ունի իրականության հետ: Այդ մասին ապրիլի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամները տեղյակ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի մասին: Նա դեռ հանրահավաքում էր հայտարարել, որ Մոսկվա է գնում»,- ընդգծել է Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ այցի արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, եւ պատասխանների համար հարկավոր է սպասել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նա հավաստիացրել է, որ իրականում սպասում էր ապրիլի 9-ին, որը «երդմնակալության խորհուրդ ուներ»: Այդ միջոցառման հիմնական խորհուրդն այն է, որ մենք չենք ճանաչում իշխանությանը, խզում ենք բոլոր կապերն իշխանության հետ եւ շարունակում ենք պայքարը նրա դեմ»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամը: Դավիթ Սանասարյանը հավելել է, որ սխալ ենաեւ այն արտահայտությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է ժողովրդին բախտի քմահաճույքին. «Իրականում, ինչպես ինքը նշել է, իրեն թվացել է, թե ժողովուրդը հետեւում է»:
Սանասարյանի պնդմամբ, ոստիկանության գործողությունները ապրիլի 9-ի հանրահավաքի եւ հետագա ակցիաների ժամանակ հակաօրինական են եղել` նշելով, մասնավորապես, Արմեն Մարտիրոսյանի ծեծը: «Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվեցին ավելի շուտ իշխանությունները, քան նրա կողմնակիցները: Իշխանությունը փորձում էր ֆոն ստեղծել, որ մեր շարժումը ձախողվել եւ ավարտվել է: Դա այդպես չէ»,- ամփոփել է Դավիթ Սանասարյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























