Վերջերս հայտարարություններ հնչեցին, որ հայկական մետաղներն արտահանվում են օֆշորային ընկերությունների միջոցով՝ այդկերպ հանքարդյունաբերական ընկերությունները թաքցնում են եկամուտները: Այդ հայտարարությունների համար հիմք ծառայեցին այն հրապարակումները, ըստ որի՝ հանքարդյունաբերական ընկերությունների կանոնադրական կապիտալներում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները զգալի դերակատարում ունեն:
NEWS.am-ը փորձեց մաքսային վիճակագրության հիման վրա ճշտել, թե իրականում դեպի ո՞ր երկրներն են արտահանվում հայկական մետաղները, որոնք ընդհանուր արտահանման 60%-ն են: Եթե դրանց առաջնային իրացումը կատարվի օֆշորի միոջոցով, ապա մաքսային հաշվետվություններում այն անպայման կարտացոլվի:
2012 թ. Հայաստանն ամենաշատը արտահանել է պղնձի խտանյութ՝ մոտ 227 մլն դոլարի չափով: Պղնձի խտանյութի կեսից ավելին (մոտ 127 մլն դոլար) արտահանվում է Բուլղարիա՝ որտեղ վերամշակվելուց հետո ուղարկվում է Գերմանիա: Իսկ Բուլղարիան, ինչպես հայտնի է, օֆշորային չի համարվում; Պղնձի խտանյութի ոչ մեծ խմբաքանակներ ուղարկվում են Բելգիա (4 մլն դոլար), Իսպանիա (26 մլն դոլար), Շվեդիա (8 մլն դոլար), Շվեյցարիա (45 մլն դոլար), Չինաստան (15 մլն դոլար):
Նշված երկրներից օֆշորային է միայն Շվեյցարիան, սակայն Շվեյցարիան, ի տարբերություն մյուս օֆշորների, նաեւ զարգացած արդյունաբերություն ունի, ու չի բացառվում, որ պղնձի խտանյութ Հայաստանից ներկրել է ներքին սպառման նպատակով; Պղնձի խտանյութը Հայաստանից արտահանվել է միջինը տոննան 1731 դոլարով: Նշենք, որ միջազգային շուկայում պղնձի խտանյութի տոննայի գինը տատանվում է 1500-5000 դոլարի սահմաններում, նայած թե խտանյութում ուղեկցող ինչպիսի մետաղներ ու պղնձի ինչպիսի պարունակություն կա:
Հայաստանի արտահանման կառուցվածքում կարեւոր դեր ունի ֆեռոմոլիբդենը՝ արտահանումը 2012 թ. կազմել է 106 մլն դոլար: Ֆեռոմոլիբդենն արտահանվել է հիմնականում 2 երկիր՝ Նիդեռլանդներ (59 մլն դոլար) եւ Գերմանիա (47 մլն դոլար): Այսպիսով՝ ֆեռոմոլիբդենմի արտահանումը եւս օֆշորի միջով չի իրականացվում;
Մետաղների արտահանման մեջ երրորդ տեղը պատկանում է չզտած (վերամշակում ացած) պղնձին՝ ընդամենը 104 մլն դոլար; Սրա հիմնաան գնորդն էլ Բելգիան է՝ 67 մլն դոլար: Մոտ 27 մլն դոլարի մշակված պղինձ է ներկրել Գերմանիան: Ընդ որում՝ պղինձը արտահանվել է տոննան 10,5 հազ. դոլարով, ինչը համահունչ է միջազգային շուկայում սեւ պղնձի գների հետ:
Հայաստանից 2012 թ. արտահանվել է 2,3 տոննա ոսկու փոշի՝ կգ-ը 33,3 հազ. դոլարով (գրամը 33-34 դոլար); Ոսկին համարյա ամբողջովիին արտահանվել է Կանադա (77.5 մլն դոլար), որտեղ էլ վերջնական վերամշակման է ենթարկվում:
Հայաստանից արտահանվ ում է նաեւ ցինկի խտանյութ՝ մոտ 17 մլն դոլարի չափով: Այն հիմնականում արտահանվել է Բելգիա՝ տոննան 1030 դոլարով:
Այսպիսով՝ մաքսային վիճակագրությունը հերքում է այն տեղեկությունները, թե Հայաստանից մետաղներն արտահանվում են օֆշորների միջոցով:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը



























