Թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայլըլանի հարցազրույցը միջազգային լրատվամիջոցներին։ Հարցազրույցի ժամանակ Քարայըլանը շեշտել է, որ անհրաժեշտություն կա, որ իրենց պատվիրակությունը մեկնի Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպման։

Քրդական Firat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, ով նաեւ KCK (Քուրդիստանի հասարակությունների միություն) խորհրդի նախագահն է, միջազգային հայտնի լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զինադադար հայտարարելու եւ թուրքական իշխանությունների կողմից քրդական հարցի կարգավորման վերաբերյալ գործընթացները։

Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում գտնվող Մուրադ Քարայըլանը հայտնել է, թե անհրաժեշտ է կապ ստեղծել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ՝ շեշտելով, թե իրենք որպես շարժում, ցանկանում են հաղթահարել խնդիրները եւ գործընթացի համար առաջընթաց ապահովել։

Քարայլըանը նշել է, թե իրենց եւ Օջալանի միջեւ հաղորդակցությունը միջնորդավորված է տեղի ունենում եւ դա շատ ժամանակ է խլում, ինչը դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ «Իսկ արագ որոշում կայացնելու համար մեզնից ինչո՞ւ մի պատվիրակություն չմեկնի Իմրալը։ Թող կարգավորման գործընթացը լինի Հարավային Աֆրիկայի օրինակի պես»,-ասել է Քարայըլանը։