Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեսյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ավարտից հետո նրանք լրագրողներին տեղեկացրել են, որ Հայաստանում այսուհետ գործելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գլխավորելու է ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը եւ տրվելու է օպերատիվ արձագանք իրավական, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում արձանագրված խնդիրներին: «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է, եւ այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը: Դրական եմ գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Պաշտպանի ինստիտուտը այս տարիների ընթացքում կայացել է, տեսնում ենք թիրախավորված գնահատականներ: Սակայն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության էական բարելավման: Շատ խնդիրներ կան ու դրանք անպայամանորեն լուծելու ենք»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովը կազմված է պետական բոլոր մարմինների ներկայացուցիչներից, Մարդու իրավունքների պաշտպանից, միջազգային կազմակերպությունների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներից:  Հանձնաժողովը հետեւելու է, որ Հայաստանում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված օրենքները կյանքի կոչվեն:  Հանձաժողովի խնդիրն է լինելու մարդու իրավունքների ազգային ռազմավարության կենսագործումը:

«Մարդու իրավունքների հետ կապված յուրաքանչյուր դիտարկում քննարկման առարկա է դառնալու, ուսումնասիրվելու են բացթողումները, թերությունները, դրանց տրվելու է օպերատիվ արձագանք»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Նա նկատեց, որ չեն գոհացնում մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կազմակերպությունների զեկույցները եւ դրանցում եւս պետք է էական առաջընթաց ունենալ:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` մարդու իրավունքներն այսօր խախտվում են սոցիալական, իրավական եւ այլ ոլորտներում, եւ Անվտանգության խորհրդի աշխատակազմը սերտորեն կհամագործակցի պաշտպանի գրասենյակի հետ։ «Պաշտպանի բոլոր դիտարկումները դառնալու են քննության առարկա հանձնաժողովում եւ յուրաքանչյուր դիտարկում քննարկվելու է պետական մարմինների հետ, իսկ ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը չի կարող լիարժեք գործել առանց ՄԻՊ-ի հետ սերտ համագործակցության: Ամենակարեւորը արդյունքներն են, որոնք ես կարծում եմ՝ շատ ավելի լավ են լինելու, իսկ խնդիրները լուծելու ենք համառ, հետեւողական աշխատանքի շնորհիվ»,- վստահեցրել է Արթուր Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսելով համագործակցության մասին՝ նշել է, որ առաջին անգամ է, որ Արթուր Բաղդասարյանը պաշտպանի գրասենյակում է, ում այցով իրենք մի նոր փուլ են թեւակոխում։ Պաշտպանը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ստեղծումը: «Մենք իսկապես հավատում ենք, որ նաեւ այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով մեր ժողովրդին 2013-ին կտրվի ավելի շատ հաց եւ ավելի շատ արդարություն»,- ասել է Անդրեասյանը՝ հորդորելով մասնավոր խնդիրներով շարունակել դիմել Մարդու իրավունքների պաշպանին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am