Բացառվում է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոզի միս վաճառեր անձնագրային տվյալների դիմաց, ինչպես գրում են լրատվամիջոցներում: Այդ մասին ապրիլի 12-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: «Բացառվում է, ես բացառում եմ դա: Եթե դրա մեջ ճշմարտության փոքր հատիկ կա, հավատացեք, որ ես առաջինը կպայքարեմ նման երեւույթների դեմ»,- հավաստիացրել է Օսկանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Իրավունք» թերթի հրապարակումը, նշել էր, թե Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր  ընտրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը Աջափնյակի մի շարք խանութներում էժան գնով խոզի միս է տալիս, որը «վաճառվում է հետեւյալ պայմանով՝ գնորդն իր անձնագրային տվյալները կտա եւ կխոստանա առաջիկա ընտրություններում իր քվեն տալ ԲՀԿ-ին։ Ի դեպ, այս նախընտրական «ճկուն ակցիային» կարող են մասնակցել  եւ 1800 դրամանոց խոզի միս ուտել միայն Աջափնյակի բնակիչները»։