«Առաքելություն» կուսակցությունը Երեւան ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակնորում առաջին հանդիպումները խոստումնալից են համարում: Այդ մասին ապրիլի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, ով զբաղեցնում է երկրորդ տեղը կուսակցության համամասնական ընտրացուցակում:
Նրա խոսքով, իրենք առաջին հերթին այցելել են Նորագյուղ թաղամասը, որը ամենախնդրահարույցներից է Երեւանի կենտրոնում: «Տպավորություն էր, թե մենք Երեւանի սահմաններից դուրս ենք: Ջրամատակարարումը գտնվում է ամոթալի վիճակում, բացակայում են խաղահրապարակները, թաղամասում չի գործում մանկապարտեզը, իսկ դրա նախկին շենքը տուժել է հրդեհից»,- նշել է Սուքիասյանը` հավելելով, որ լքված շինության սեփականատերը Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար գագիկ Բեգլարյանն է:
Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքները` Մանուկ Սուքիասյանը նշել է. «Առաջին շաբաթը խոստումնալից էր: Եւ հետայսու պատրաստվում ենք բազմակողմ աշխատանք տանել»:




























