«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իր անդամ Տիգրան Խզմալյանի հայտարարությունները վերջինիս անձնական տեսակետն են:
Հայտարարությունում ասվում է.
«Վարչախումբը տեղեկատվական դաշտում «բոլորի պատերազմ բոլորի դեմ» սկզբունքով լայնամասշտաբ գործունեություն է հրահրում, ինչին կամա թե ակամա նպաստում են մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ:
Մասնավորապես՝ այսօրվա հրապարակումներում որոշակի աղավաղումներով շրջանառության մեջ են դրվել «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանի խոսքերը՝ համաժողովրդական շարժման ընթացքի, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր քայլերի հետ կապված զարգացումների վերաբերյալ:
Հանրությանը թյուրըմբռնումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնում եմ, որ «Նախախորհրդարանի» պաշտոնական տեսակետներն արտահայտվում են ի կատարումն նրա որոշումների կամ դրանց հիման վրա: «Նախախորհրդարանի» գործունեության հանրային իրազեկումն իրականացվում է «Նախախորհրդարանի» Համակարգողի (Գարեգին Չուգասզյան), Համակարգողի տեղակալի (Սյուզան Սիմոնյան) եւ Քարտուղարության միջոցով:
«Նախախորհրդարանի» որեւէ անդամի, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանի, տեսակետներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը, եթե ուղիղ հղում չեն պարունակում Նախախորհրդարանի որոշումներին»:




























