Եթե նույնիսկ ընդունենք, որ շարժման մարտավարությունը ապրիլի 9-ին ինչ-որ չափով անհաջողություն է կրել, ապա իրադարձություններին առավել խորը գնահատականը վկայում է, որ իշխանափոխության հասնելու ռազմավարությունը որեւէ կերպ չի ձախողվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված Դավիթ Սանասարյանը:
«Ոչ մի չհաջողված մարտավարություն չի կարող հանգեցնել ռազմավարության ձախողման, որը առավել նշանակալի կատեգորիա է»,-ասաց Դավիթ Սանասարյանն՝ ընդգծելով, որ ամենակարեւորն այն է, որ չի եղել արյունահեղություն ու մարդկային զոհեր:
«Այդ ամենը, բարեբախտաբար, տեղի չունեցավ շնորհիվ մեր միջամտության»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման հանրահավաքը եւ երթը: Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել պողոտայով վերեւ բարձրանալ, որտեղ իրավիճակը լարվել է: Ոստիկանները ծեծի են ենթարկել, ապա արյունով վիճակում բերման ենթարկել «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին: Այդ օրը ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել մոտ երկու տասնյակ քաղաքացիներ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:-ին, Ազատության հրապարակում:




























