Կարելի է քննադատել իշխանությանը, սակայն նախագահի երդմնակալությանը ներկա լինել, մասնակցելն ու քննադատությունն իրար հետ կապ չունեն: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, որոնք զբաղեցնում են Ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ եւ երրորդ տեղերը, մասնակցել են երդմնակալությանը, թեեւ ԲՀԿ-ն հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ:
«Ընդդիմության ողջ իմաստն այն է, որ, լինելով ընդդիմադիր, կարողանա երկխոսություն ծավալել իշխանության հետ եւ աշխատել: Այն ընդդիմությունը, որը չի կարողանում խոսել իշխանության հետ, արդյունավետ չէ: Կյանքը շարունակվում է, պետք է աշխատել իշխանության հետ, քանի որ երկրում կան խնդիրներ: Մենք երկրորդ ուժն ենք խորհրդարանում եւ պետք է ներգրավված լինենք աշխատանքում, կյանքը շարունակվում է»,- նշել է պատգամավորը:
Նրա խոսքով, Արսենյանի եւ Մանուկյանի ներկայությունը նախագահի երդմնակալությանը իրենց անձնական գործն է, որը չի ուզում մեկնաբանել: Հարցին, թե ինչու ինքն անձամբ չի մասնակցել արարողությանը, Օսկանյանը պատասխանել է. «Ես այդպես որոշեցի»:




























