Մայրաքաղաքի խնդիրները բոլորն են տեսնում, եւ ցանկացած մարդ կարող է արձագանքել դրանց. «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է հստակ ծրագիր, որն իրականացնելու դեպքում խնդիրները լուծում կգտնեն։ Այս մասին ապրիլի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մանուկ Սուքիասյանը, ով Երեւանի Ավագանու ընտրություններին զբաղեցնում է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տողը։
Մանուկ Սուքիասյանը հերթական անգամ առանձնացրեց կուսակցության ծրագերի առաջնային կետերը. «Երթուղային տաքսիների ցանցի կառավարմամբ պետք է զբաղվի քաղաքապետարանը, անհրաժեշտ է ազատվել համատիրություններից. դրանք մանր կուսակցական նշանակության գործառույթ են կատարում»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմանը, ապա Մանուկ Սուքիասյանը նշեց, որ «Առաքելություն» կուսակցությունը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ ուժերի հետ, փոխանցել է համապատասխան փաստաթուղթ, սակայն առայժմ նրանցից ոչ մեկ չի արձագանքել կուսակցության առաջարկներին։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե ի՞նչ հնարավորություն ունի «Առաքելություն» կուսակցությունն առաջիկա մայրաքաղաքային ընտրություններին, Մանուկ Սուքիասյանը նշեց. «Մենք նոր կուսակցություն ենք, առաջին անգամ ենք մասնակցում ընտրությունների»։ Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությունը կփորձի աստիճանաբար ու արդյունավետ կերպով հանրության դատին ներկայացնել իր տեսակետները, առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները եւ այլն։




























