Ապրիլի 9-ին Արարատում ընկերուհուն խեղդամահ անելով սպանած, ապա ինքնասպանության փորձ կատարած տղամարդը` 42-ամյա Հակոբ Նահապետյանը, Վեդիի հիվանդանոցից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վեդիի հիվանդանոցից:

Նրանց փոխանցմամբ` վերջինիս առողջական վիճակը նորմալ է, վերքը մշակվել է, ՔԿՀ-ում կլինի բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 42-ամյա Հակոբ Նահապետյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Նշենք, որ 42-ամյա տղամարդը Վանաշենից է, ապրում է ծնողների հետ, իսկ երկու եղբայրները գտնվում են Բելառուսում: Նրա կինը աշխատում է գյուղի դպրոցում, իսկ վերջինս զբաղվում էր առեւտրով, խանութներին միրգ, բանջարեղեն է բաժանում: Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը, Հակոբ Նահապետյանը հասցրել էր մի քանի բառ փոխանակել հավաքվածների հետ եւ հայտնել էր, որ «այդ կինը զզվեցրել էր իրեն, կյանքը կերել էր, նույնիսկ եկել էր իր տանն էր տեսարաններ սարքել, այլեւս չէր ցանկանում ապրել եւ այլն»: Դեպքից հետո ոստիկանները որոշ ժամանակ հսկողություն էին իրականացնում Հակոբ Նահապետյանի տան մոտ: Բանն այն է, որ սպանությունից առաջ նրա ընկերուհին` Վեդի քաղաքից 29-ամյա Աննա Ավետիսյանը, ով ի դեպ, ամուսնալուծված է եւ ունի 2 երեխա, դեպքից մի քանի օր առաջ եկել  էր Հակոբի տուն եւ տեսարան էր սարքել` նրա կնոջն ու երեխաներին հայտարարելով, թե վերջինիս ընկերուհին է, եւ տղամարդը պետք է ապրի հետ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում  ապրիլի 9-ին, տղամարդն սպանել է իր ընկերուհուն: Ժամը 23.50-ի սահմաններում 43-ամյա Հակոբ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը 19.30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի դաշտերում իր ընկերուհի 29-ամյա Աննա Ա.-ի եւ իր միջեւ վիճաբանության ժամանակ ձեռքերով պարանոցը սեղմելով խեղդամահ է արել նրան: Դրանից հետո իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն` կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:Հակոբ Ն.-ն  տեղափոխվել էր Վեդիի հիվանդանոց: