Ապրիլի 8-12-ին, ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետեւել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան զինվորականներ:

Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր եւ միջոցներ:

Ինչպես զորամասի  «Բարձր» աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կմ-ոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսեւորել է մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն եւ իր առջեւ դրված ուսումնամարտական խնդիրները կատարեց հավուր պատշաճին:

Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվել է պարգեւատրման արարողությամբ: