Ռուս զինվորական քննիչները ստուգումներ են սկսել Գյումրիի ռուսական ռազմական «Մահմուդ» ուսումնամարզական համալիրի տարածքում երկու երեխաների զոհվելուց հետո, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներ: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997 թ. ծնված Մ. Գեւորգյանը: Երկու երեխաները` 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը հարեւաններ են: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:

Ի դեպ, երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի դատախազության փոխանցմամբ՝ անչափահասները ալյումին եւ այլ մետաղի թափոն են հավաքելիս եղել հրաձգարանի տարածքում: Հարավային ռազմական օկրուգի  դատախազությունը ստուգում է իրականացնում պաշտոնատար անձանց կողմից զորամասում հրաձգարանների շահագործման կարգին հետեւելու վերաբերյալ:

«Նախնական պարզվել է, որ ապրիլի 7-ին, ժամը 13-ի սահմաններում երկու անչափահասներ, ուսումնամարզական համալիրի տարածքում իրականացնելով մետաղի չարտոնված հավաքում, հայտնաբերել են БМП-1-ի բեկորային նռնակ, որը ինքնակամ պայթել է»,-ասված է դատախազության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նշանակվել է երեխաների մարմինների դատաբժշկական փորձաքննություն, ստուգման արդյունքում ընթացակարգային որոշում կկայացվի:

Անհայտ է մնում, թե ինչ է նշանակում «իրականացրել են մետաղի չարտոնված հավաքում» արտահայտությունը, հաշվի առնելով, որ այդ տարածք մուտքը որեւէ կերպ սահմանափակված չէ: