«Առաքելություն» կուսակցությունը վճռականորեն դատապարտում է ապրիլի 9-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, ընդդիմության ցույցի ժամանակ իրավապահ մարմինների կողմից ցուցաբերված բռնությունը: Այս մասին ապրիլի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի Ավագանու ընտրություններին «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը:
«Ապրիլի 9-ին մենք այնտեղ ենք եղել եւ եղել է այն, ինչ եղել է»,- նշել է Մանուկ Սուքիասյանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ մի բան ակնհայտ է. «այնտեղ ոչ մի ռազմավարություն էլ չի եղել, մենք ականատես ենք եղել ինքնաբուխ գործողությունների»: «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանը բակի խուլիգանի վարք է ցուցաբերել: Չնայած ամեն ինչի` ոստիկանությունը շարունակում է մնալ «հին եւ բարի» ավանդույթների կողմանակիցը»,- ամփոփել է Սուքիասյանը:




























