Հայաստանում օդային տրանսպորտի գործունեություն իրականացնողները բանկային համակարգին 2013 թ. փետրվարի դրությամբ պարտք են 17 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար): Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրում:
Վարկային պարտավորությունների մեծ մասը՝ 15,5 մլրդ դրամ (համարժեք է մոտ 37 մլն դոլարին) ձեւավորվել է արտարժութային վարկի տեսքով:
Այս տեղեկատվությունը հետաքրքրական է ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերության գործունեության դադարեցման հետ կապված: «Արմավիան» դադարեցրել է թռիչքները եւ հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին՝ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառաբանությամբ: Ենթադրաբար՝ նշված 40 մլն դոլար վարկային պարտավորության հիմնական մասը բաժին է ընկնում հենց «Արմավիային»: Ընկերության հիմնական վարկատուն «ՎՏԲ Հայաստան» բանկն է:
Սակայն հարկ է նշել, որ 2012 թ. փետրվարի համեմատ օդային տրանսպորտի ընդհանուր վարկային պարտավորությունները նվազել են: Այսպես՝ 2012 թ. փետրվարի վարկային պարտավորությունների ծավալը կազմել է 21,4 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար):
Նշենք, որ բացի «Արմավիայից»՝ օդային տրանսպորտի շահագործողի վկայական ունեն եւս 10 ընկերություններ, սակայն դրանք փոքր ընկերություններ են:



























