Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում հայտնաբերված ամուսիններ 79-ամյա Զավեն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնից:

Ներկա պահին դեռ հարցաքննվում են մահացածների հարազատներն ու ծանոթները եւ դեռ պարզ չէ, թե իրականում ինչն է եղել ամուսինների մահվան պատճառը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում հայտնաբերված ամուսիններ 79-ամյա Զավեն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանները մահվանից առաջ գնացել են թոշակ ստանալու` ալյուր են գնել, տարել տուն եւ նոր միայն ճանապարհվել Չարենցավան, որտեղ բնակվում են մյուս երկու որդիները: Սակայն ավելի ուշ ջրանցքից հայտնաբերվել են նրանց դիակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանը: Նա նշել էր, որ թեեւ նախաքննություն է ընթանում, բայց կարծում է, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ՝ դժբախտ պատահար: «Դա բաց ջրանցք է: Հավանաբար, կինը սայթակել ընկել է, իսկ ամուսինը նետվել նրան փրկելու: Երկու տղաները Չարենցավանում են ապրում, երեւի գնացել են նրանց տուն: Բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր գյուղապետը՝ հավելելով, որ չի կարծում, թե կատարվածը սոցիալական պայմանների պատճառով ինքնասպանություն եղած լինի, քանի որ ինչո՞ւ պետք է խոր ծերության ժամանակ այդ քայլին գնային: Իսկ ընտանիքի ներսում անախորժություններից նա դժվարացավ խոսել, պատճառաբանելով, որ ընտանիքը մութ անկյուն է, փոխարենը հաստատեց, որ տարիներ առաջ ամուսինը դանակահարել է կնոջը, բայց դա շատ վաղուց է եղել: «Ես այդ ժամանակ 4-րդ դասարանի աշակերտ էի: Մոտավորապես 1978-1979 թվականներին էին: Նույնիսկ պատճառները չեմ հիշում: Բայց նման բան եղել է»,- հիշել էր Վարդան Վարդանյանը եւ ավելացրեց, որ դեպքի օրը նրանց տղաներից մեկը օդանավակայնում է եղել եւ պատրաստվել է մեկնել ՌԴ, սակայն, երբ լուրը հայտնել են, օդանավակայանից հետ է վերադարձել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զին.կոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները Արգելի ջրամբարում հայտնաբերել եւ դուրս են բերել ջրահեղձված տղամարդու (60-70 տարեկան, անձը չպարզված) եւ կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դիեր: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում խեղդվածներն Ալափարս գյուղի բնակիչներ, ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանն են եղել: Ի դեպ, Զավեն Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է: