Երեւանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, որոշ տեղեկություններով՝ ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի տպավորությամբ՝ «ժողովուրդ» ասելով ԲՀԿ-ն հասկանում է նաեւ Սերժ Սարգսյանին։ Այլ հարց է, որ հասարակությունն այլ կերպ է ընկալել ԲՀԿ-ի այդ հայտարարությունը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը, որը զրուցել է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ։
«Եթե ԲՀԿ-ն ասում է՝ մեր խոսքը գործ է ու հայտարարում է, թե ժողովրդի կողքին է, չե՞ք կարծում, որ իրոք ավելի կարեւոր էր, որ լիներ ժողովրդի կողքին, քան մասնակցեր Սերժ Սարգսյանի երդմնակալությանը։
Մեր խոսքը գործ է, եւ մենք գտնվում էինք մեր գործի վայրում, հասկանո՞ւմ եք։ Եթե մենք ասեինք, օրինակ, գալու ենք ու չգայինք, եղավ, որ մեր խոսքը գործ չէ։
Բայց ասում եք, որ ժողովրդի կողքին ենք, գնում եք Սերժ Սարգսյանի կողքին եք կանգնում։
Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անդամ չի՞։ Ա՞յլ էթնոսի ներկայացուցիչ է։ Ասեք՝ իմանանք։
Այսինքն՝ ժողովուրդ ասելով՝ ԲՀԿ-ն նկատի է ունեցել հենց Սերժ Սարգսյանի՞ն։
Ժողովուրդ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Հայ ժողովրդի այն ներկայացուցիչներին, ովքեր ՀՀ քաղաքացի են։
Իսկ չպե՞տք է ժողովրդին խոստումներ տալուց առաջ պարզաբանվեր, որ ԲՀԿ-ն ժողովուրդ ասելով՝ նկատի ուներ Սերժ Սարգսյանին։
Ես նկատի ունեմ ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Ես ժողովուրդ ասելով՝ չեմ տարբերակում առաջին սորտ, երկրորդ սորտ, երրորդ սորտ, չորրորդ սորտ, բոլորին նկատի ունեմ»,- մեջբերում է «Ժամանակը»։




























