«Առաքելություն» կուսակցությունը միակ ուժն է, որն առաջարկում է, որպեսզի Երեւանում տրանսպորտային փոխադրումներն իրականացնի բացառապես քաղաքապետարանը: Ներկայումս գործող համակարգը ոչ միայն չի կարող ապահովել սպասարկման անվտանգությունն ու արդյունավետությունը, այլեւ հսկայական օգուտներ չի բերում մասնավոր սեկտորին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտի սպասարկումը քաղաքապետարանի կողմից ներկա ձեւաչափով արդեն կարող է ապահովել տարեկան 6 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ, «իսկ արդյունավետության բարձրացումը եւ գրագետ մենեջմենթի իրականացումը քաղաքի բյուջեն կլրացնեն եւս 9 մլրդ դրամով»,-ասաց Առաքելյանը:
Մրաժամանակ, նա ընդգծեց, որ այդ գումարը հնարավորություն կտա տարվա ընթացքում ամբողջությամբ փոխել տրանսպորտի միջոցները, մասնավորապես, ձեռք բերել նոր ավտոբուսներ, այդ թվում եվրոպական արտադրության միկրոավտոբուսներ:
«Երեւանում նպատակահարմար է շահագործել եվրոպական արտադրության միկրոավտոբուսներ, քանի որ մայրաքաղաքի յուրահատկությունը (նեղ փողոցներ) որոշ անհարմարություններ է ստեղծում մեծ ավտոբուսների համար»,-ասաց «Առաքելության» ներկայացուցիչը:
Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նշված գումարների տնտեսումը թույլ կտա լուծել ընթացիկ սոցիալտնտեսական խնդիրները, մասնավորապես, մետրոյի ուղեվարձը կրկին դարձնել 50 դրամ, ուսանողներին, թոշակառուներին եւ դպրոցականներին անվճար երթեւեկելու հնարավորություն տալ:




























