Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոյում Հատուկ քննչական ծառայության որոշմամբ համալիր փորձաքննություն է ընթանում գործարար, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյաի գործով։ Համալիր փորձաքննության շրջանակներում իրականացվելու են հաշվապահական, շինտեխնիկական եւ ճարտարապետական փորձաքննություններ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՓԱԲ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, նյութերը ՀՔԾ կողմից Ազգային բյուրո են ուղարկվել մարտի վերջին: Նախանշված աշխատանքների ծավալը բավական լայն է, եւ, ըստ ամենայնի, մի քանի ամիս կտեւի: «Ուսումնասիրման համար լրացուցիչ նյութեր կպահանջնվեն: Ներկայումս բյուրոյի ֆինանսա-հաշվապահական բաժնի պետ Վասիլ Առուստամյանն ու փորձագետների խումբն ուսումնասիրում են ներկայացված նյութերը»,- նշել է Մշեցյանը:
Նշենք, որ շինարարական մագնատ Մանգասարյանին կալանավորել էին այս տարվա մարտի 17-ին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Մանգասարյանին 2013թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Քննության տվյալներով, Մանգասարյանը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը եւ պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
Դատարանը մերժել էր Մանգասարյանի` գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Մանգասարյանը հայտարարել էր, թե դատարանն ու առանձին պաշտոնյաներ կաշառք են վերցրել: Գլխավոր դատախազությունը հանձնարարել էր գործի քննությունը ՀՔԾ-ին:




























