«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարեւորում է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նա նշեց, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նախաձեռնությամբ, ինչը արդիական է նաեւ այսօր, բոլոր ուժերի եւ հնարավորությունների համախմբում երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով:
Նա միասնական շտաբի գործունեությունը համարում է հաջողված, բայց ոչ իդեալական, այս գաղափարի շուրջ հասարակական արձագանքը եւս վկայում է, որ դա ճիշտ քայլ էր եւ անհրաժեշտ է զարգացնել, քաղաքական ուժերի միջեւ անկեղծ համագործակցությունը այլընտրանք չունի: «ԲՀԿ-ն գնում է ընտրությունների հաղթելու նպատակով, ընդհանուր հաղթանակը եւ քաղաքական մոնոպոլիայի վերացումը եւս հաղթանակ է»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Պատգամավորը նաեւ շեշտեց, որ ՀԱԿ-ը ստեղծվում է այնպիսի քաղաքական ուժերի եւ բազայի վրա, ովքեր գալիս են դեռեւս արցախյան շարժման եւ պետականության ձեւավորման ակունքներից, նրանք իրենց դերակատարումն են ունեցել: Նա վստահ է, որ նորաստեղծ կուսակցությունը ուրույն խոսքն է ասելու եւ իր տեղն է ունենալու:
Ստեփան Մարգարյանը ՀԱԿ-ին մաղթեց հաջողոթյուններ նախընտրական շրջանում եւ ընտրությունների բուն արդյունքում:
ՀԱԿ-ի հիմնադիր համագումարի աշխատանքները ողջունել եւ հաջողություն են մաղթել նաեւ Եվրոպայի մի շարք քույր կուսակցություններ, Եվրոպայի լիբերալ կուսակցության նախագահն է ուղերձ ուղարկել:
Համագումարը վարող Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ գրանցած է 1098 պատվիրակ: Այժմ ցուցադրվում է վավերագրական ֆիլմ ՀԱԿ-ի անցած ճանապարհի մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























