Ամերիկյան սենատորներից մեկին ուղղված նամակում թույն է հայտնաբերվել: Վտանգավոր նյութերով նամակը հասցեագրված է եղել հանրապետական Ռոջեր Ուիքերին: Այս մասին հայտնել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը:
Միսիսիպի նահանգը ներկայացնող սենատորին հասցեագրված նամակը, որն ուղարկվել է Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքից, ապրիլի 16-ին վերցրել են Կոնգրեսի նամակների մշակման կենտրոնի աշխատակիցները եւ այն չի հասել սենատորի գրասենյակ: Ներկայումս փորձագետները շարունակում են ուսումնասիրել նամակում առկա նյութերի բաղադրությունը:
Այս միջադեպը տեղի է ունեցել Բոսթոնում մարաթոնի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյուններից մեկ օր անց, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ, ավելի քան 183 մարդ վիրավորվել էր: Դեռեւս անհայտ է, թե արդյոք կապ կա՞ այդ պայթյունների եւ սենատորին ուղարկված թունավոր նամակների միջեւ:




























